Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին խիստ քննադատել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի վերջին ելույթը՝ այն որակելով ստերով, քարոզչությամբ և կեղծավորությամբ լի։
«Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, թե Ուկրաինան նախագիծ է։ Ուկրաինան ոչ թե նախագիծ է, այլ երկիր՝ ավելի երկար պատմությամբ, քան Ռուսաստանը։ Ուկրաինան այս մարմնի անդամ է ավելի վաղ ժամանակներից, քան Ռուսաստանը։ Ուկրաինան ունի իր պատմությունը, լեզուն, ինքնությունը և ձգտումները, իսկ նրա սահմանները բազմիցս հաստատվել են Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերով։ Այս կազմակերպության առաքելությունը հիմնադրման օրվանից եղել է դեկոլոնիզացիան, այլ ոչ թե նորից գաղութացումը»,– նշել է Սիկորսկին։
Նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինան և Բելառուսը ՄԱԿ-ի հիմնադիր անդամներ են եղել՝ անկախ Խորհրդային Միությունից։ Իսկ Ռուսաստանը միայն 1991թ․-ին է ստացել ԽՍՀՄ տեղը ՄԱԿ-ում՝ առանց քվեարկության։Սիկորսկին ընդգծել է նաև, որ Ստալինը ցանկացել է ՄԱԿ-ում ընդգրկել ԽՍՀՄ բոլոր 16 հանրապետությունները, սակայն ԱՄՆ-ը համաձայնել է միայն Ուկրաինայի և Բելառուսի անդամակցությանը՝ մասամբ նացիզմի դեմ պատերազմում նրանց կրած հսկայական զոհերի պատճառով։ Միևնույն ժամանակ Բալթյան երկրները չեն ընդգրկվել, քանի որ Արևմուտքը երբեք չի ճանաչել նրանց բռնակցումը ԽՍՀՄ-ին։