Ֆրանսիայի վարչապետը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը Փարիզում



 Ապրիլի 24-ին՝ Փարիզի սրտում, Սենա գետի ափին գտնվող Հայաստանի էսպլանադում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ։ Տեղեկությունը փոխանցում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառման մեկնարկին, Կոմիտասի հուշարձանի առջև ծաղկեպսակներ են զետեղել վարչապետ Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ փոխնախագահ Էրվե Մարսելը, և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները։

Ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, վարչապետ Բայրուն և CCAF-ի համանախագահները՝ ընդգծելով ցեղասպանության հիշատակի կարևորությունը և հայ-ֆրանսիական պատմական կապերը։

Միջոցառմանը ներկա են եղել տասնյակ պետական ու համայնքային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախարարներ, սենատորներ, պատգամավորներ, քաղաքապետեր, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցիչներ։ Արարողության ավարտին ֆրանսահայերը մասնակցել են ավանդական երթին՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի։

Previous Post Next Post

نموذج الاتصال