Ստեփանակերտում նախատեսվում է նոր միջազգային միջոցառում՝ Բաքվի նախաձեռնությամբ


 Բաքուն շարունակում է իր քարոզչական ռազմավարությունը


հայաթափված Ստեփանակերտում՝ այս անգամ նպատակ ունենալով այնտեղ անցկացնել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Ադրբեջանը և Տնտեսական համագործակցությունը. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ երկրի Արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության պետի տեղակալ Ռովշան Միրզոևը հայտարարել է, որ գագաթնաժողովը կանցկացվի այս տարի Խանքենդիում (Ստեփանակերտ), և դրա թեման կլինի «Կայուն զարգացում և կլիմայական փոփոխություններին դիմակայուն տնտեսական համագործակցություն»։

Հիշեցնենք, որ նախորդ՝ ՏՀԿ 16-րդ գագաթնաժողովը կայացել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ Տաշքենդում։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1964 թվականին՝ որպես Տարածաշրջանային համագործակցության զարգացման կազմակերպություն, որն իր գործունեությունը դադարեցրել է 1979-ին։ 1985-ին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որը 1992 թվականին ընդլայնվել է ևս յոթ անդամներով՝ Աֆղանստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան։

Նշենք, որ սա առաջին նմանօրինակ միջոցառումը չէ Ստեփանակերտում։ Ապրիլին Բաքուն այնտեղ արդեն անցկացրել էր միջազգային ֆորում, իսկ հետագայում կազմակերպել էր նաև երկրում հավատարմագրված դիվանագետների այցելություն Ստեփանակերտ։ Այցելած երկրների թվում էին Թուրքիան, Չինաստանը, Բելառուսը, Հունգարիան, Բրազիլիան, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Վրաստանը և այլ երկրներ։

Previous Post Next Post

نموذج الاتصال